Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ես գոհ եմ Աստծուց ու իմ ճակատագրից»

«Ես գոհ եմ Աստծուց ու իմ ճակատագրից»
28.07.2017 | 00:36

Վերա Հակոբյանը հանրապետության վաստակավոր արտիստ էր, ռադիոյի լավագույն հաղորդավարներից մեկը, տաղանդավոր ասմունքող: 60 տարուց ավելի նա ծառայեց ռադիոյին, հանդես եկավ պոետական ծրագրերով՝ տարբեր բեմերից:
Տարիներ առաջ ես հարցազրույց ունեցա Վերա Հակոբյանի հետ, որը ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը:


-Ավարտել եմ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: Ղեկավարս էր տաղանդավոր մանկավարժ Արմեն Գուլակյանը, ինձ դասավանդում էին Հայկուհի Գարագաշը, Գուրգեն Ջանիբեկյանը, Մուրադ Կոստանյանը... Համակուրսեցիներս էին Վոլոդյա Աբաջյանը, Արմեն Խոստիկյանը, Խորեն Աբրահամյանը... Ասում էին, որ լավ եմ ասմունքում, և դեռ ուսանողական տարիներին ինձ հրավիրում էին ռադիո` բանաստեղծություններ կարդալու: Վերջին կուրսում ես ինձ արդեն տեսնում էի Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում, սակայն... Հակոբ Այվազյանը՝ այդ տարիների ռադիոյի տնօրենը, համոզեց, որ աշխատանքի անցնեմ ռադիոտանը: Խոստացավ, որ, հաղորդավարական աշխատանքից բացի, կշարունակեմ ասմունքել: Եկա ռադիո ու մնացի, այս տարի նշում եմ իմ ստեղծագործական գործունեության 52-րդ տարին: Սիրով եմ հիշում իմ ավագ գործընկերներին, որոնց շատ բանով եմ պարտական՝ Հրաչուհի Ջինանյան, Մարատ Հալաջյան, Ջոն Հակոբյան, Սոս Մայիլյան...
-Երբ բացվեց Հայաստանի հեռուստատեսությունը, ցանկություն չունեցա՞ք Ձեր հնարավորությունները փորձելու այդ նոր ասպարեզում:
-Հեռուստատեսության առաջին գրական հաղորդումը նվիրված էր Վահան Տերյանի պոեզիային: Մեծ պոետի բանաստեղծությունները կարդում էի ես: Շաբաթը երեք անգամ եթեր էր հեռարձակվում «Պոեզիայի ժամ» հաղորդաշարը, որի մշտական մասնակիցն էի: Մի շրջան եղավ, երբ ինձ համոզում էին տեղափոխվել հեռուստատեսություն՝ որպես հաղորդավար: Ճանաչված հեռուստառեժիսոր, լուսահոգի Կիմ Արզումանյանը խորհուրդ չտվեց: Շնորհակալ եմ նրան լավ խորհրդի համար:
-Ե՞րբ ծնվեց սերը արվեստի, պոեզիայի հանդեպ:
-Ըստ իս, դա ճակատագիր էր: Մանկությունս անցել է շատ ծանր պայմաններում: Սովորում էի Երևանի՝ այդ տարիներին ամենահեղինակավոր դպրոցներից մեկում՝ Վ. Մայակովսկու անվան դպրոցում, որի հարևանությամբ էին գտնվում գրողների միությունը և Սունդուկյանի անվան թատրոնը: Երեկոներն անցկացնում էի կա՛մ գրողների տան, կա՛մ թատրոնի դահլիճում: Հսկիչներն արդեն ինձ ճանաչում էին, և ես ազատ մուտք ունեի թատրոն: Սիրահարված էի Հրաչյա Ներսիսյանին, գիտեի, թե որ ժամին է գալիս թատրոն, փախչում էի դասից ու սպասում նրան այգում: Հեռվից տեսնելով՝ ծաղիկ էի պոկում, գցում նրա ոտքի տակ ու փախչում: Նախանձում էի այն մարդկանց, ովքեր ներկայացումից հետո դերասանին ծաղկեզամբյուղ էին մատուցում: Որոշեցի հավաքել այն մանրադրամը, որ մայրս տալիս էր նախաճաշի համար: Երբ բավական գումար հավաքվեց, գնացի ծաղկի խանութ: Թաշկինակի մեջ փաթաթված փողերը տեսնելով և իմանալով նպատակիս մասին՝ ծաղկավաճառը շատ հուզվեց, ծաղկեփնջի դիմաց գումարի մի չնչին մասը վերցրեց, մյուս մասը վերադարձրեց. «Կարգին նախաճաշիր, քեզ լավ սնվել է պետք»: Ամբողջ գիշեր չքնեցի: Ակրոստիքոս էի հորինում «Հրաչյա ջան» բառակապակցության տառերով: Գրեցի, մակագրեցի՝ Վերա Հակոբյան, ու ինձ անչափ երջանիկ էի զգում:
-Ռադիոյում աշխատելու առաջին իսկ տարիներից Դուք Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի հաղորդավարն էիք:
-Շնորհակալ եմ ճակատագրին, որ աշխատանքային գործունեությանս հենց սկզբում շփվել եմ մեր մշակույթի լավագույն գործիչների հետ: Ես ուղիղ եթերում վարում էի անսամբլի համերգները, նաև արտասանում էի: Գ. Էմինի «Սասունցիների պարի» արտասանությունից հետո պետք է հայտարարեի Հովհաննես Բադալյանի և Ռուբեն Մաթևոսյանի ելույթը: Համերգներից մեկի ժամանակ ասմունքս ավարտեցի և դեռ չէի հասցրել հայտարարել նրանց կատարումը, երբ ճանաչված երգիչները մոտեցան, կանգնեցին կողքիս ու սկսեցին երգել հայրենասիրական երգ: Տպավորությունն անջնջելի էր:
-«Սասունցիների պարի» հետ կապված մի զավեշտալի դիպված էլ կա:
-Դա ավելի շատ Արմեն Հովհաննիսյանի «սարքածն» էր, որ անցել է շուրթից շուրթ: Սովորաբար, այդ ստեղծագործությունն արտասանելիս, դահլիճում ընտրում էի որևէ հանդիսատեսի ու, ասես, խոսքս ուղղում նրան: Խորհրդային իշխանության տարիներին ամեն ամառ Երևան էին գալիս սփյուռքահայ ուսուցիչներ՝ վերապատրաստման: Նրանց ծրագրի մեջ կար նաև այցելություն ռադիոտուն: Նման հանդիպումների ժամանակ ես ասմունքում էի հայրենասիրական բանաստեղծություններ: Արմեն Հովհաննիսյանի պատմածով, իբր, երբ սկսել եմ «Սասունցիների պարը»` դիմելով դահլիճում նստածներից մեկին. «Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, ուր ծիրանն է հասնում ճյուղին...», նա շփոթված նայել է չորս կողմը, համոզվելով, որ հարցն իրեն է ուղղված, վեր է կացել ու ասել. «Բնավ ծանոթ չեմ, բայց Գառնի, Գեղարդ, Սևան եղած եմ»: Իհարկե, այսպես չի եղել, բայց Արմենն այնքան համով-հոտով էր պատմում, որ ես էլ ընդունեցի:
-Հանգամանքների բերումով Դուք շփվել եք մեր պոեզիայի մեծերի, մշակույթի գործիչների հետ: Անշուշտ, շատ են հիշարժան տպավորությունները:
-Շփվել, մտերիմ եմ եղել Հայաստանի և սփյուռքի լավագույն բանաստեղծների հետ: Մեր տան հասցեն՝ Այգեձոր 3, գիտեին հայ մշակույթի շատ գործիչներ: Տարիներ առաջ էր: Առավոտյան հնչեց դռան զանգը: Բացեցի ու ապշեցի: Առանց նախազգուշացման հյուր էին եկել բեյրութահայ նկարիչ Հարություն Թորոսյանն ու Մուշեղ Իշխանը: Պատկերացրեք իմ ուրախությունը: Անմիջապես զանգահարեցի Սիլվա Կապուտիկյանին և Համո Սահյանին: Մի քանի րոպեից նրանք արդեն մեր տանն էին, և անմոռաց օր անցկացրինք: Սիրով եմ կարդում Գառնիկ Ադդարյանի, Վահե Վահյանի, Մանվել Ադամյանի, բոլոր-բոլորի բանաստեղծությունները: Իսկ Վահան Թեքեյանի «Եկեղեցին հայկականը» այսօր իմ հիմնն է, հոգուս երգը:
-Դուք ելույթներ եք ունեցել աշխարհի տարբեր բեմահարթակներից: Սփյուռքահայ թերթերից մեկը գրել է. «Երևանն է խոսում, Երևանն է խոսում». սրտառուչ և առինքնող ձայնը սավառնեցավ սրահին մեջ, պայթեցավ ծափահարություններուն որոտը: Վաստակավոր, հմայիչ ձայնով ասմունքողը ներկաները մագնիսացուց իր զգայական ապրումներու ալիքներով»:
-«Երևանն է խոսում»... Այսպես էր սկսվում մեր հաղորդումը սփյուռքահայության համար: Սփյուռքի համար այդ երկու բառը Հայրենիքի ձայնն էր, Հայրենիքի կարոտը, սերը: Մի խոսքով՝ Հայրենիքը: Իմ յուրաքանչյուր ելույթ սփյուռքում ես սկսում էի այդ բառերով, որոնցից հետո դահլիճը թնդում էր, ալեկոծվում, ցնծում... Համերգն ավարտվելուց հետո մոտենում էին ինձ, գրկում, համբուրում, խնդրում, որ մեկ անգամ ևս արտասանեմ այդ երկու բառը: Դրանք անկրկնելի, աներևակայելի տեսարաններ էին: «Երկնքից իջած խոսք է ձեր խոսքը»,- ասում էին նրանք:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 16675

Մեկնաբանություններ